ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԻՍԿ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐՈՒՄ ԹԵԼԵՐԻ ՎՐԱ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒԶՆ ՈՒ «ԿԱՐԱԼՅՈԿԸ»…

ԻՍԿ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐՈՒՄ ԹԵԼԵՐԻ ՎՐԱ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒԶՆ ՈՒ «ԿԱՐԱԼՅՈԿԸ»…
30.10.2009 | 00:00

Երկրի ամենահարավային դարպասը` Ագարակը, մերկ ու ատամնավոր լեռներով շրջապատված, սահմանաբաժան Արաքսը՝ խռով ու պղտոր, հայկական կողմից փշալարով առանձնացված։ Ինչո՞ւ Արաքսի ափին պարսիկն իրեն ձկնորս կարող է զգալ, իսկ մենք՝ ոչ, ինչ-որ տեղ իրավացիորեն դժգոհում է ագարակցին, բայց, մյուս կողմից էլ, հյուրերին մայր գետը հպարտորեն է մատնացույց անում: Մեղրու մաքսակետն այստեղ է` Իրան-Հայաստան ուղևորաբեռնափոխադրումների ամենօրյա վկան ու վավերացնողը:
«Հավանաբար լավ եք ապրում» խոսքին ագարակցին ավելացնում է. «Երևանում շաքարավազն ի՞նչ արժե, մեզ մոտ միշտ ավելի թանկ է, որովհետև գնում է մայրաքաղաք, այնտեղից հետ գալիս ավել գնով»: Հատկանշական է, որ Ագարակը, որպես սահմանային քաղաք, այս առումով որևէ արտոնությունից չի օգտվում: Սրանից հետո այլևս չես զարմանում, երբ տեղեկանում ես, թե Իրան-Հայաստան հարաբերությունների խոշորագույն հանգուցակետ Ագարակը (ավտոմայրուղուց բացի, այստեղով են անցնում գազատար, էլեկտրահաղորդակցման ուղիները) գազիֆիկացված չէ:
Քաղաքի առօրյա խնդիրների և անգամ ապագայի մասին խոսքն ուղղակիորեն կապվում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ: Ամեն ընտանիք ընկերությանը գոնե մեկ աշխատակից է տվել: Ագարակցին դրանով ոչ միայն ապրուստի միջոց, այլև իր համար հպարտության առիթ է ստեղծել: Իրեն հնաբնակ չի կարող համարել, բոլորն էլ այլ տեղերից են եկել, հիմնականում նախկին հանքին մոտ գտնվող Հիգերակից` կաքավների ու սոխակների դայլայլով արթնացող Հին Ագարակից (Կաքավաբերդի 4 գյուղերից մեկն է):
Անշահախնդիր, խելացի, հայրենանվեր ու պրպտող, ագարակցու այս հատկանիշները շատ հեշտությամբ բացահայտում են յուրաքանչյուր այցելու և հյուր, այնպես որ, 5 հազար բնակիչ ունեցող գողտրիկ բնակավայրում բնությունն ու մարդիկ ներդաշնակ են. նռնենիներ, թզենիներ, արքայախնձորի ծառեր և քաղցր անուն ու համ ունեցող, ժպտացող մեղրեցիներ: «Մեր քաղաքի տեղում նախկինում օձեր ու կարիճներ են բնակվել, փուշ ու տատասկ է աճել, բայց ագարակցին արարել է` տեղանքն այգի դարձնելով»,- նկատում է մի ագարակցի:
Քաղաքից վերև պղնձամոլիբդենային կոմբինատն է, ավելի հեռվում՝ հանքը` յուրօրինակ գեղեցկությամբ: Մինչև ճգնաժամի ալիքը կհասներ Ագարակ, կոմբինատում 1200 մարդ էր աշխատում, 550-ը կրճատվեցին: Վերջիններից ում հարցնես, կասի՝ «մեռնում» է աշխատանքի համար:
Կոմբինատը դասական հանքարդյունաբերական գործարան է` աղացների դղրդյունով, սաղավարտներով ու մշտապես բարձր խոսող լեռնագործներով: Այս տարի սկսել են աշխատել ընդամենը 3 ամիս առաջ, յուրաքանչյուր ամիս տալիս են 2,5 հազար տոննա պղնձի խտանյութ, որի մեջ պղնձի պարունակությունը 26 տոկոս է, և 40 տոննա մոլիբդեն` մոլիբդենի 51 տոկոս պարունակությամբ:
Հանքի տարածքում արդեն մի քանի շաբաթ երթևեկում են 55 տոննա բեռնատարողությամբ «Բելազ» մակնիշի հսկա նոր ինքնաթափերը: Հանքագործները ոգևորված են. մոտակա ամիսներին նոր բեռնիչներ, անվավոր տրակտորներ, բուլդոզերային և փխրեցնող սարքավորումներով տրակտոր են օգտագործելու: «Արտադրողականությունը միանշանակ կբարձրանա, ծավալները կմեծանան, ինչն էլ կնպաստի ձեռնարկության արտադրանքի մրցունակությանը»,- ասում է հանքի պետ ԱՍԱՏՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ագարակում շատերն արդեն տեղյակ են՝ շատ հայտնի «Մեխանոբրը» («Մեխանոբր ինժենիրինգը» 250 լեռնահարստացուցիչ ձեռնարկությունների համար իրականացրել է նախագծման և տեխնոլոգիական լուծումների աշխատանքներ) նախագծել և պատրաստել է ընկերության արտադրության վերակառուցման նախագիծը: Դա նշանակում է, որ արդյունավետ տեխնոլոգիաներ և ժամանակակից նախագծա-կոնստրուկտորական լուծումներ են ներդրվելու: Ֆաբրիկայի համար նորացումն անհրաժեշտ է վերամշակման հզորությունները և հանքանյութի կորզման տոկոսը բարձրացնելու համար:
Որպես սահմանամերձ և մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող բնակավայր, Ագարակն ամենից շատ կարիք ունի սոցիալական և ժամանցային կառույցների: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ ՌԱՅԱ ՆԻԿՈԼԱՅԱՆԸ համոզված է, որ Ագարակի առաջնային խնդիրներից մեկը մարզամշակութային պալատի վերանորոգման կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելն է: Երիտասարդներին նախ և առաջ հետաքրքրում է աշխատատեղերի հարցը։ Քաղաքապետ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆՆ ինքն էլ երիտասարդ է և նրանց լավ է հասկանում. «Զբաղվածության հարցն աստիճանաբար ենք լուծելու, արդեն հստակ պայմանավորվածություն ունենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ ծառայություն բացելու հարցում: Ագարակում անհրաժեշտ է սոցիալական որոշակի ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի սոցիալապես անապահով խավը գոնե տրանսպորտային ծախսեր չանի շրջկենտրոն` Մեղրի հասնելու համար: Բանկային մասնաճյուղ ունենալու խնդիրն էլ օրակարգային է»,- ասում է քաղաքապետը, նշելով հեռանկարային մի ուղղության մասին ևս. գյուղատնտեսական մթերք վերամշակող գործարան կառուցելու գաղափարն արդեն քննարկվել է ներդրողի հետ, եթե այն արագ կյանքի կոչվի, ապա լրացուցիչ աշխատատեղերի հարցը որոշ չափով կլուծվի:
Ագարակցին կարողանում է ուրախանալ իր պարզ ու օրինաչափ ձեռքբերումներով. լավ մանկապարտեզ ունեն` չափազանց օրինակելի, անգամ Մեղրիից են երեխաներ բերում այստեղ, ունեն վերանորոգված և վերազինված հիվանդանոց, սակայն այստեղ էլ կադրերի հարցն է մտահոգում` բժշկի մասնագիտություն ստանալու մեկնածները չեն վերադառնում, կամավոր եկողներ էլ չկան:
Հրապարակում տեղ-տեղ խմբված երիտասարդները վստահեցնում են, որ իրենց համար շատ դժվար է ձանձրույթին կուլ չգնալն ու չհեռանալը: Երբեմն-երբեմն քաղաք են գալիս այստեղ տեղակայված զորագնդի զինվորների հարազատները, և մեծից փոքր միմյանց ճանաչող ագարակցիների առօրյան այլ գույներ է ստանում:
Արաքսը… Արաքսը «հասանելի» է միայն հաճախակի փչացող պոմպակայանի աշխատակիցներին (գետը հաճախ է իր հետ տիղմ ու ճյուղեր բերում, որոնցից պոմպի աշխատանքը խաթարվում է): Ի դեպ, հավելենք, որ մայր գետի ջուրն է ագարակցիների այգիների ոռոգման միակ աղբյուրը:
Իսկ պատշգամբներում թելերի վրա չորանում են թուզն ու «կարալյոկը»…
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ